Խոսում են էքսպերտները - Աշոտ Փարսյան

խոսում են էքսպերտները - Աշոտ Փարսյան

ԽՈՍՈՒՄ ԵՆ ԷՔՍՊԵՐՏՆԵՐԸ - Աշոտ Փարսյան

Աշոտ Փարսյանը հանդիսանում է հաջողություն վայելող «Թաի» ավանդական թաիլանդական մերսման և ՍՊԱ կենտրոնների ցանցի հիմնադիրը, ներկայումս 13 մասնաճյուղերով: Անցնելով դժվար ու մարտահրավերներով լի ճանապարհ` հետաքրքիր կլինի լսել Աշոտի կարծիքը բիզնեսի, դրա վարման ու զարգացման, անձնական կյանքի ու երազանքների մասին:

 

  • Ինչո՞ւ որոշեցիք ընտրել այդ մասնագիտացումը

Անկեղծ ասած, մտքովս չէր անցնում, որ դա կարող է մի պահ դառնալ մասնագիտություն: Սկզբում այդքան էլ լուրջ չէր այդ հարցին վերաբերմունքս. այն ընդամենը էքսպերիմենտ էր: Ուզում էի իմ հերթական ճամփորդությունից հետո, որն այս անգամ դեպի Թաիլանդ էր, ինչ-որ մի նոր նախագիծ կյանքի կոչել: Մի բան, որի հետ նախկինում փորձառություն չէի ունեցել: Ոչ միայն ես, այլ նաև իմ գործընկերը՝ Վարդան Ասրյանը ու առհասարակ մեր շրջապատում որևէ մեկը չի ունեցել նման փորձ, ումից կարող էի մասնագիտական խորհուրդներ ստանալ: Եվ ընտրեցի Թաիլանդի այցեքարտերից մեկը՝ թաիլանդական ավանդական մերսումը, հետաքրքրությունից դրդված, քանի որ կյանքում առաջին անգամ էի առհասարակ մերսում ընդունում։ Ինքս երբեք մինչ այդ ՍՊԱ սրահներ չեմ հաճախել: Նույնիսկ տարիներ շարունակ մազերս ինքս եմ կտրել ու շատ հեռու եմ եղել նմանատիպ խնամքի սրահներից։

  • Ի՞նչ ճանապարհ եք անցել մինչև ներկա դիրքին (պաշտոնին) հասնելը

Չեմ կարծում, որ ես այնպիսի դիրքի եմ հասել, որով կարող եմ պարծենալ,  բայց և չեմ կարող չփաստել, որ Երևանում ՍՊԱ բնագավառում առաջատար դիրք ենք զբաղեցնում թե՛ վարկանիշի առումով, թե՛ սպասարկվող հաճախորդների քանակի առումով և թե՛ սպասարկման ցանցի առումով։ Այս պահի դրությամբ ունենալով 13 գործընկեր և մասնաճյուղ և ընթացքում ընդլայնվելով՝ կարող եմ վստահ ասել, որ իսկապես առաջատար դիրք ենք զբաղեցնում Հայաստանում ՍՊԱ բնագավառում: Ճանապարհը հետևյալն էր. դեպի Թաիլանդ առաջին այցից մեկ ամիս անց ես որոշեցի վերադառնալ Թաիլանդ և սովորել բնագավառի բոլոր գաղտնիքները, թե ինչ է այն իրենից ներկայացնում։ Վարդանը մնաց Երևանում, որպեսզի զբաղվեր տարածքի և փաստաթղթերի հետ կապված նախապատրաստական աշխատանքներով։ Ուզում էի մանրակրկիտ ուսումնասիրել առավել քան 3,000 տարվա պատմություն ունեցող աուտենտիկ թաի մերսումը, որը նոր նախագծի հիմնաքարն էր: Ամենասկզբում փոքր-ինչ բացասական էի վերաբերվում ՍՊԱ ֆորմատին, կարծում էի, որ դա այդքան Էլ տղամարդու զբաղմունք չի, առավել ևս մեկի, ով երբեք չի օգտվում ՍՊԱ ծառայություններից, իսկ աուտենտիկ թաի մերսումն ավելի սպորտային, ուժային ու միևնույն ժամանակ շատ էթնիկ էր թվում ինձ:  Սկսեցի նրանով, որ հաճախում էի թաիլանդական ավանդական մերսման դպրոցներ՝ ծանոթանալով երկրի մշակույթին, ժողովրդին, մտածելակերպին, իրենց վարքագծին, ամբողջ փիլիսոփայությանը, բուդդիզմին և այլն: Մի խոսքով, առաջին քայլերը այս ամենին Թաիլանդում ծանոթանալն էր: Մնացածը արդեն զարգացավ աշխատանքի ընթացքում, որովհետև այն ամենը, ինչին տիրապետում եմ հիմա, չեն սովորեցնում որևէ ուսումնական հաստատությունում, այլ ձեռք են բերվում աշխատանքի, թերություններ շտկելու, սխալվելու, փորձելու, համառորեն պայքարելու ընթացքում: Մեր գործունեության ընթացքում եղել են նաև մի շարք նորարարություններ, որոնք կարծրատիպերի պատճառով անհասկանալի են եղել մարդկանց համար, բայց մենք փորձել ենք ոչ թե ենթարկվել իրենց պահանջներին, այլ ինքներս առաջարկներ ենք թելադրել, որպեսզի հետագայում պահանջարկը ձևավորվի մեր նոր գաղափարների հիման վրա։ Ինձ թվում է՝ դա մեզ մոտ բավականին արդյունավետ աշխատեց:

Ճանապարհի նկարագրությունը հետևյալն է. սկզբում սովորել ենք տեսությունը, իսկ մնացած ամբողջ գիտելիքները ձեռք ենք բերել բացառապես ինտենսիվ աշխատանքի ընթացքում: Ամբողջ գործը փորձել ենք ինքնուրույն անել՝ սկսած առաքիչի աշխատանքից, վերջացրած դիզայնի ու մարքեթինգի։ Իրականացրել ենք համարյա բոլոր աշխատանքները, բնականաբար բացի մերսման աշխատանքից, որպեսզի կարողանանք ծանոթանալ բոլոր խնդիրներին ու գործի նրբություններին: Դա մեզ օգնում է առավելապես տիրապետել գործին ու հաջողությամբ սովորեցնել այն մեր աշխատակիցներին:

  • Ովքե՞ր են, ի՞նչ մասնագիտություն ունեն Ձեր մտերիմ 5 ընկերները

Իմ հինգ մտերիմ ընկերները տարբեր մասնագիտությունների տեր անձիք են՝ տնտեսագետներ, լեզվաբաններ, բնապահպան, մարզիկ, մարքեթինգի ոլորտի մասնագներ  և այլ բնագավառներից: Ամեն դեպքում, ընկերներ չունեմ, ովքեր մասնագիտացած լինեն ՍՊԱ ոլորտում: Ընկերներիս մեջ կան շատերը, ովքեր սովորել են մի մասնագիտություն, բայց այժմ զբաղում են բարցարձակապես այլ աշխատանքով:

  • Ինչպե՞ս է սկսվում և ավարտվում ձեր աշխատանքային օրը

Իմ աշխատանքային օրը, կարելի է ասել, չունի սկիզբ ու վերջ, և գործնական կյանք ու անձնական կյանք հասկացությունները ինձ համար անհակասնալի են: Իմ ամբողջ կյանքում համարյա միշտ զբաղվել եմ սեփական նախագծերով և մինչև օրս ընդամենը 4 ամիս եմ եղել վարձու աշխատող: Աշխատանքն ինձ համար դարձել է կենսակերպ: Ապրում եմ աշխատելով ու, աշխատանքից հաճույք ստանալով, աշխատանքը վերածում եմ ժամանցի: Այդպես կորչում է աշխատանքային օրվա սկիզբն ու վերջը: Օրս սովորաբար սկսվում է սոցիալական մեդիայի համար նախատեսված նյութերը պատրաստելով, իսկ օրվա ընթացքում հիմնական զբաղվածությունը վերահսկողությունն է, ինչպես նաև ծագած խնդիրների լուծումը, նոր նախագծերի կազմումը, տարաբնույթ հանդիպումներ ու գործարքներ։ Աշխատանքային օրը սովորաբար ավարտվում է, եթե խնդիրները չեն ծագում, երեկոյան 10-ից 11-ը: Լինում են նաև անկանխատեսելի դեպքեր կամ վթարներ, երբ գիշերվա ցանկացած ժամի ստիպված ենք լինում շտապ լուծում տալ:

  • Ինչպե՞ս և ե՞րբ եք հանգստանում

Հանգիստ կազմակերպելը բավականին բարդ խնդիր է սեփական բիզնեսի առկայության պարագայում, և հանգստանալ հիմնականում հաջողվում է, երբ Հայաստանից դուրս եմ գնում: Հայաստանում գործնական զանգերը անդադար են և թույլ չեն տալիս լիարժեք կտրվել աշխատանքից։ Ռեժիմով հանգստյան օրեր, որպես այդպիսին, չեն լինում, շատ դեպքերում նույնիսկ կիրակի օրը շատ ավելի ենք աշխատում: Այդ բացը լրացնելու համար աշխատում եմ տարվա ընթացքում 2-3 անգամ դուրս գալ Հայաստանից, այցելել երկրներ, որտեղ նախկինում չեմ եղել և հանգստանալ։ Նոր ձևավորված սովորության համաձայն՝ այցելում եմ այդ վայրի կամ քաղաքի ամենահայտնի ՍՊԱ կենտրոնները՝  նոր բաներ սովորելու, համեմատելու ու նոր մտքեր գեներացնելու համար։ Նույնիսկ հանգստի ժամանակ միտքս անընդհատ աշխատում է, որի արդյունքում նոր գաղափարներ են ծնվում, որոնք էլ հետագայում կիրառում ենք մեր կենտրոններում:

  • Ի՞նչն է կարևոր ձեր մասնագիտության մեջ հաջողության հասնելու համար

Այս բնագավառում հաջողության հասնելու կարևորագույն գործոնը սեփական մտքերի գեներացումն է, այսինքն՝ փորձել ստեղծել մի բան, ինչը նախկինում չի եղել, հետևել սեփական մտքերին, գաղափարներին, ռազմավարություններին, ու խուսափել ցանկացած կրկնօրինակումից: Կրկնօրինակումները միշտ ինչ-որ փակուղու առաջ են կանգնեցնում, ու երբ սեփական մտքերը սպառվում են, այդ ժամանակ ճգնաժամ է առաջանում: Մրցակիցներդ, ովքեր ստեղծարար մտքի վրա են հիմնում իրենց գործը, առաջ են ընկնում, իսկ դու կամ դոփում ես տեղում, կամ ստիպված ես լինում նորից կրկնօրինակել: Իմ կարծիքով, մեր գործի հաջողությունը կապված է նորություններ մտածելու և այդ նորությունները կյանքի կոչելու հետ, ինչպես նաև արդյունավետ կերպով այդ նորությունները գովազդելու և սկզբունքորեն որևէ մեկին չկրկնօրինակելու: Իհարկե, այդ ամենը իրականացվում է ամենօրյա քրտնաջան աշխատանքով՝ առանց տրտնջալու, հուսահատվելու կամ վարանելու։ Քանի որ ծագող խնդիրներն անպակաս են, հուսահատության տրվելով կարելի է ամբողջը կորցնել:

  • Ո՞վքեր են ոգեշնչել և ոգեշնչում ձեզ հաջողության հասնելու

Ինձ ոգեշնչողներից կարող եմ թերևս նշել ոլորտի հետ կապ չունեցող հայտնի բրիտանացի գործարար, Վիրջին բրենդի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնին, ով աշխատում էր մշտապես նոր գաղափարներ իրականացնելով ու կյանքը լիարժեք վայելելով: Ում համար աշխատանքն առաջին հերթին հաճույք էր ու հետո միայն գումար վաստակելու միջոց։

  • Ինչպե՞ս կձևակերպեիք ձեր գլխավոր նպատակը և ե՞րբ եք որոշել այդ նպատակը

Եթե խոսքը վերաբերվում է ՍՊԱ ոլորտին, ապա այս պահին ունեմ հեղինակային, հայկական մոտիվներով և ունիկալ մատուցմամբ ՍՊԱ-ի կոնցեպտ, և գլխավոր նպատակը այդ ՍՊԱ-ն կյանքի կոչելն է՝ սեփական տարածքով ու նոր հետաքրքիր մատուցմամբ, այնպես, որ այն դառնա նաև տուրիստների այցելության պահանջված վայր ու must-visit վայր Հայաստանում:

Պլանավորում եմ նաև արտոնագրել այդ մոդելը ու տարածել այդ կոնցեպտը աշխարհով մեկ՝ որպես հայկական ՍՊԱ-յի տեսակ, ինչպես օրինակ՝ ճապոնական օնսենը, ֆիննական սաունան ու ռուսական բաղնիքը, որոնք իրենց տեսակով բրենդ են դարձել ու հաջողություն են վայելում ամբողջ աշխարհում:

Հիմա չեմ կարող բացահայտել այդ կոնցեպտի գաղտնիքները, բայց վստահեցնում եմ, որ այն շատ գրավիչ է ու միանշանակ գրավելու է և՛ տեղացիների, և՛ տուրիստների ուշադրությունը: Հուսանք, որ կստացվի, եթե ոչ այս տարի, ապա եկող տարվա ընթացքում իրականացնել այդ գաղափարը: Այդ միտքը ծագեց մոտ 3-4 տարի առաջ, որը սկսեց եփվել ու զարգանալ, ու հիմա այնքան է զարգացել, որ հասել է մատուցման աստիճանին: Այն արդեն ամբողջությամբ ձևավորված է բոլոր մանրամասներով ու պատրաստ է կյանքի կոչվելուն:

  • Ի՞նչ այլ երազանքներ ունեք

Այլ երազանքների մասին խոսել դժվարանում եմ, քանի որ երազանքները գնալով քչանում են ամեն տարի, որովհետև ինտենսիվ իրականություն եմ դարձնում դրանք: Հիմա մնացած երազանքները դարձել են իրականալի նպատակներ, և եթե այս վիրուսի նման երևույթները չլինեն ու չխանգարեն մեր աշխատանքին, ապա այդ ամենը շատ ավելի հեշտ կիրականանա: Մեծ երազանքներից կարող եմ նշել թերևս այն, որ մի օր բիզնեսը հասցնեմ այնպիսի կառավարման մակարդակի, որ այն աշխատի ինքն իրեն, և ամբողջ անձնակազմը լինի այնքան պրոֆեսիոնալ ու ինքնուրույն, որ իմ միջամտության կարիքը հավասարվի համարյա զրոյի, ու ես ինչ-որ մի տրոպիկական երկրից տեսաժողովներով հետևեմ գործունեությանը ու տեսնեմ, թե ինչ է կատարվում՝ ստիպված չլինելով անընդհատ ներկա գտնվել ու զբաղվել առօրյա կառավարմամբ: Դա առայժմ ֆանտաստիկայի ժանրից է թվում, բայց եկեք սա համարենք իմ գլխավոր երազանքը:

  • Ո՞րն է ձեր հաջորդ քայլը

Եթե խոսքը գնում է ներկա ու մոտակա հաջորդ քայլի մասին, ապա այս պահին խնդիր է դրված գոյատևել ու մնալ ջրի երեսին,  քանի որ շատ ծանր իրավիճակ է ստեղծվել սպասարկման ոլորտի համար կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Մեր մասնաճյուղերի մեծամասնությունը փակ է հիմա, և մենք ունենք մեծ պատասխանատվություն մեր անձնակազմի՝ թե՛ տեղացիների, թե՛ թաիլանդացիների առջև, նաև մեր հաճախորդների առջև, ովքեր ունեն նվեր քարտեր, որոնց պետք է սպասարկել: Տարվա սկզբին մեր պլանները լրիվ ուրիշ բնույթ ունեին, բայց հետագայում ստիպված վերափոխեցինք, մինչև ճգնաժամը կավարտվի: Դրանից հետո, հուսով եմ, կանցնենք մեր վերոնշյալ հեղինակային ՍՊԱ-յի կյանքի կոչելուն: Մոտակա քայլերից է նոր մասնաճյուղի բացումը: Տեսնենք, թե ինչպես կստացվի այն իրագործել այս ճգնաժամի պայմաններում։ Դա մեզ համար լուրջ մարտահրավեր է։

  • Ի՞նչ խորհուրդ կտաք ձեր մասնագիտությունը ընտրած սկսնակներին

Սկսնակներին խորհուրդ կտամ անընդհատ այցելել տարբեր ընկերությունններ, համեմատել, երբևիցե ինքնավստահությունից չխեղդվել, որ քո ստեղծածը, քո մտքերը լավագույնն են և այլ տեղ ավելի լավ բան չկա: Պետք է միշտ համեմատել, միշտ ուսումնասիրել, չգերագնահատել սեփական ուժերը ու վստահ լինել՝ իբր քեզնից հաջողակները չկան: Ինչպես նշել եմ արդեն, փորձել գեներացնել սեփական մտքեր, չվախենալ նոր բաներ անելուց ու երբեք ու երբեք չկրկնօրինակել մրցակիցներին կամ գործընկերներին:

Ես երբևիցե չէի կարող մտածել, որ մի օր ես ՍՊԱ ոլորտի մասնագետ կդառնամ, և մի շարք կազմակերպություններ ու հյուրանոցներ կկանչեն խորհրդատվության կամ գործընկերության առաջարկություններ կանեն, որպեսզի մենք գործարկենք կամ ստեղծենք ՍՊԱ-յի կոնցեպտ իրենց հյուրանոցի կամ սպորտային կոմպլեքսի համար, ինչով և մենք զբաղվում ենք վերջին 3 տարիների ընթացքում:

Այս ամբողջ գործընթացից մեծ բավականություն եմ ստանում, ու, նախկինում չլինելով ՍՊԱ-յի սիրահար,  դարձել եմ բավականին մեծ երկրպագու հիմա և առիթը բաց չեմ թողնում ցանկացած երկրում ացելել այդ քաղաքի կամ երկրի լավագույն ՍՊԱ-ն ու հաճույք ստանալ: