Խոսում են էքսպերտները – Մարինե Կուսիկյան

Մարինե Կուսիկյան

Մարինե Կուսիկյանը Ռեդիսոն Բլու Երևան հյուրանոցի մարդկային ռեսուրսների ղեկավարն է: Անցել է երկար ճանապարհ ՄՌ ոլորտում, ունի մեծ փորձ ու գիտելիքներ, սիրում է իր գործն ու ունի երազանքներ: Հետաքրքիր կլինի լսել Մարինեին՝ իր մտքերի, նպատակների ու հաջողության հասնելու մեխանիզմի մասին:

 

  • Ինչու որոշեցիք ընտրել այդ մասնագիտացումը

Մասնագիտացումը, որքան էլ որ տարօրինակ հնչի, ինքս նախապես չեմ ընտրել: Հանգամանքների բերումով առաջին աշխատավայրում օգնում էի կադրային գործառույթներով զբաղվող մեր ընկերության աշխատակցին: Ժամանակի ընթացքում ուսումնասիրեցի ոլորտը, հասկացա, որ ինձ հարազատ ոգի կա այնտեղ և քայլ առ քայլ սկսեցի մասնագիտանալ՝ դարձնելով այն իմ հիմնական մասնագիտությունը:

  • Ինչ ճանապարհ եք անցել մինչև ներկա դիրքին (պաշտոնին) հասնելը

Ավելի քան 10 տարի արդեն այս ոլորտում եմ, և ամենակարևորը՝ աշխատել եմ բացառապես տաբեր բիզնես ոլորտների HR գործառույթներում: Անցած ճանապարհը թեև եղել է բարդ, քանի որ մշտապես աշխատել եմ մեծ անձնակազմում և, որպես կանոն, եղել եմ HR գործընթացների հիմնադիրը բոլոր ընկերություններում՝ բացառությամբ Ginosi Apartments ընկերության, որտեղ անցել եմ մեծ ու շատ արժեքավոր HR դպրոց, և այդ ճանապարհը եղել է ծայրահեղ հետաքրքիր ու բովանդակալից:

  • Ինչն է կարևոր Ձեր մասնագիտության մեջ հաջողության հասնելու համար

HR ոլորտում ճիշտ, մրցակցային և հաջողակ լինելու համար շատ կարևոր է լինել մարդասեր, հոգատար, կրեատիվ: Անհրաժեշտ է զարգացնել բիզնես մտածելակերպը, քանի որ շատ վաղուց արդեն ՄՌԿ մենեջերներին այլևս չեն դիտարկում միայն որպես աշխատանքի ընդունողի, աշխատանքից ազատողի և կադրային փաստաթղթաշրջանառություն իրականացնող աշխատակցի: Այժմ ՄՌԿ մենեջերներին արդեն դիտարկում են որպես բիզնես խորհրդատու, որպես բիզնեսի խթանման և առաջխաղացման կարևորագույն դերակատարում ունեցող աշխատակցի:

  • Ինչպես է սկսվում և ավարտվում Ձեր աշխատանքային օրը

Որքան էլ որ զարմանալի լինի, ես աշխատանքային օրս չեմ սկսում սուրճով, ինչպես շատ շատերը: Սիրում եմ առաջին հերթին շրջայց կատարել հյուրանոցում, տեսնել այդ օրվա հերթափոխը հանձնող և հերթափոխ ընդունող աշխատակիցներին, և այդ տեսակցությունը ամենևին ստույգայց չէ, այլ ընդհակառակը: Ես շրջում եմ՝ ողջունելու իմ անձնակազմին, իմանալու իրենց որպիսությունը, տրամադրությունը, որպեսզի իրենց գնահատված և կարևոր զգան: Ցանկացած աշխատակից պետք է իրեն կարևոր զգա ընկերությունում, իսկ այդ կարևորության զգացողությունը աշխատակիցներին տալը, հավատացեք, այնքան էլ բարդ չէ: Հարկավոր է միայն դրական տրամադրվածություն, մի ջերմ ժպիտ, և հաճելի աշխատանքային օր մաղթելու պատրաստակամություն: 

Աշխատանքային օրվա ավարտը սովորաբար անկանխատեսելի է լինում, լարված սեզոնային ժամանակաշրջանում երբեմն չեմ էլ հասկանում, թե ինչպես է ավարտվում աշխատանքային օրս: Հիմնականում ավարտին եմ հասցնում կարևոր հանդիպումները, պատասխանում կարևոր նամակներին և մշտապես պլանավորում եմ հաջորդ օրվա իմ աշխատանքը: Աշխատանքային  օրվա պլանավորումը հիմնական աշխատանքի կեսն է, հավատացեք:

  • Ինչպես եք պահում ընտանիք-աշխատանք բալանսը

Երբեմն շատ բարդ է լինում այդ բալանսի ապահովումը, քանի որ շատ հաճախ աշխատանքը ստիպում է կենտրոնանալ բացառապես գործնական խնդիրների վրա: Սակայն, որպես կանոն, ինձ մոտ սահմանված է 70/30 հարաբերակցություն, որտեղ 70 տոկոսը՝ աշխատանքինն է, իսկ 30 – ը՝ ընտանիքինը: Դե իհարկե ընտանեկան բալանսի բացը լրացվում է հանգստյան օրերին և արձակուրդներին: 

Ժամանակակից կնոջ կերպարի իդեալը մարմնավորվում է ճիշտ պլանավորված և ճշգրիտ կառավարվող ընտանիք-աշխատանք բալանսում: Կարծում եմ ժամանակը և փորձառությունը օգնում են կնոջը հղկվել այդ գործում: Իմ պարագայում, ենթադրում եմ, որ դա ստացվել է, գոնե այն հիմքով, որ բողոքներ չեն եղել ոչ գործատուից, ոչ ընտանիքից:

  • Ինչպես և երբ եք հանգստանում

Առհասարակ ես ակտիվ հանգստի կողմնակից եմ, երեևի իմ բնույթից և բնավորությունից է, և ինքս ինձ համարում եմ շատ ակտիվ մարդ: Սակայն ամեն օր հնարավոր չի լինում կազմակերպել ակտիվ հանգիստ: Աշխատանքային օրերին իմ հանգիստը սկսվում է երեկոյան ժամը 23:00 – ից՝ պարտադիր ընթերցանությամբ: Կարդում եմ ոչ գեղարվեստական գրականություն: Իմ գրադարանը հիմնականում բաղկացած է գիտական, տրամաբանական, մոտիվացիոն գրքերից: Սիրում եմ կարդալ հենց իմ գրքերը, որոնք գնում և խնամքով պահպանում եմ:

Հանգստյան օրերի հանգիստը կազմակերպում եմ ընտանիքիս հետ, ընտանիքիս համար: Դա կարող է լինել պարզապես հասարակ զբոսանք կանաչապատ այգում, կամ այցելություն որևէ խաղասրահ, կամ լողավազան՝ իմ լողորդ աղջիկների հետ:

  • Ինչպես կձևակերպեիք Ձեր գլխավոր նպատակը և երբ եք որոշել այդ նպատակը

Ինձ համար գոյություն ունեն երկու բնույթի նպատակներ՝ կյանքի և կարիերայի:

Կյանքի նպատակ որպես այդպիսին, դա իրականություն դարձնել իմ կյանքի այն նպատակները, որոնք ժամանակի և հանգամանքների բերումով չկարողացա, կամ հնարավորություն չունեցա անել: Այդ բոլոր չիրականացված նպատակները մարմնավորվելու են իմ երեխաների միջոցով, մասնավորապես՝ իրենք արդեն իսկ մոտիվացված են սովորելու աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններից որևէ մեկում, իրենք անկախ, կայուն անհատականություններ են դառնալու, իրենց համար չի լինելու ՛՛ՉԻ ԿԱՐԵԼԻՆԵՐ՛՛ իմ կողմից սահմանված, քանի որ իրենց ընձեռված անկախությունով իրենք լինելու են այնքան գիտակից և խելացի՝ իրենց ՛՛ԿԱՐԵԼԻՆԵՐԻ՛՛ և ՛՛ՉԻ ԿԱՐԵԼԻՆԵՐԻ՛՛ ցանկը ինքնուրույն ընտրելու համար:

Կարիերայի նպատակ՝ ունենալ սեփական HR բիզնես խորհրդատվություն մատուցող միջազգային ճանաչում ունեցող ընկերություն, որը մասնագիտացված է լինելու մասնավորապես հյուրանոցային/տուրիզմի ոլորտում: Կարիերայի այս նպատակը որոշել եմ դեռևս երկու տարի առաջ, երբ սկսեցի աշխատել Radisson Blu Hotel Yerevan – ում: Հյուրանոցային ոլորտը իսկապես գրավել է ինձ և դա ի շնորհիվ իմ կազմակերպության, իմ անձնակազմի և իմ ղեկավարության: Ինձ իրոք բախտ է վիճակվել աշխատել լավ թիմում:

  • Ինչ այլ երազանքներ ունեք

Ամենագունեղ երազանքներիցս միայն երկուսի մասին կպատմեմ: 

Առաջինը՝ անսահման շրջագայելն է, և որոշել եմ ամեն տարի լինել ինձ համար մի անծանոթ երկրում: Անցյալ տարի ինձ բախտ վիճակվեց լինել Իսպանիայում՝ Բարսելոնա և Վալենսիա քաղաքներում: Հիացած եմ տպավորություններով: Այս տարի պլանավորում էի լինել Հունաստանում, սակայն բոլորիս հայտնի պատճառով, ճամփորդությունը հետաձգվեց, իսկ հաջորդը լինելու է Բրազիլիան…. Յուրաքանչյուր նոր երկիր այցելելիս ստանում ես նոր լիցքեր, նոր էմոցիաներ, նորովի ես պատկերացնում կյանքը, փոխում ես աշխարհայացքդ, ամեն անգամ ավելի լավն ես քեզ դարձնում... Սիրում եմ շրջագայել:

Երկրորդ երազանքը՝ Ամերիկյան Համալսարան ընդունվել և գերազանցությամբ ավարտելն է: Դա իմ ՛՛ՄՇՏԱՊԵՍ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԵԼ՛՛ շարքի ամենից կարևոր կետերից մեկն է:

  • Որն է Ձեր հաջորդ քայլը

Եթե չլիներ այսօրվա պանդեմիկ իրավիճակը, ես միանշանակ արդեն իսկ հայտագրվել էի սովորելու Leadership School – ում: Այն կտար ինձ հնարավորություն զարգացնել կառավարման հմտություննները՝ լսելով և սովորելով տարիների փորձ ունեցող մասնագետներից: Այս պահին մի փոքր բարդ է հստակ ձևակերպումներ անել հաջորդ քայլի մասին:

  • Ովքեր են ոգեշնչել և ոգեշնչում Ձեզ հաջողության հասնելու

Ես մշտապես եղել եմ այն համոզման, որ կան մարդիկ, ում համար հարկավոր չէ ոգեշնչման աղբյուր, քանի որ իրենք հենց ներքուստ ունեն ոգեշնչման մեծ պահուստային բազա: Ես այդպիսին եմ: Իհարկե, լինում են անկումային պահեր, բայց դե նման պահեր լինում են բոլորի մոտ և հզոր են այն մարդիկ, ովքեր չեն տրվում էմոցիաներին և կարողանում են դուրս գալ ճգնաժամից և ինքնամոտիվացվել:

Աշխատանքում ինձ համար որպես role – model մշտապես եղել է իմ նախկին ղեկավարը՝ Ցոլինե Ավեդիսյանը: Միասին աշխատել ենք Ginosi apartments ընկերությունում: Զարմանալին այն է, որ ինձ համար ամենից դժվարը եղել է իր հետ աշխատանքը, սակայն երբևէ ամենից շատ գիտելիքներ ստացել եմ հենց իրենից: Մշտապես հիացել եմ իր՝ պրոֆեսիոնալ, մարդ, կին և մայր տեսակով: Տարիներ են անցել, բայց մենք երբեք չենք դադարել շփվել: Այժմ ավելի քան երբևէ հիանում եմ իրենով: Այժմ Ցոլինեն աշխատում է Թումո կենտրոնում՝ որպես Senior Human Resources Manager:

  • Ինչ խորհուրդ կտաք Ձեր մասնագիտությունը ընտրած սկսնակներին

Այս ոլորտը ընտրած բոլոր սկսնակներին ուզում եմ պաշտոնապես վստահեցնել, որ ընտրել են ամենից հետաքրքիր մասնագիտություններից մեկը. մասնագիտություն, որն առնչվում է աշխարհի բոլոր մասնագետների հետ՝ մարդկանց հետ: Որքան էլ զարգանա տեխնոլոգիան, ՄՌԿ անձնակազմի դերը մշտապես լինելու է կարևոր և պահանջված, քանի որ մարդկային շփումը որևէ տեխնոլոգիայով փոխարինել ուղղակի անհնար է:

Սիրելի սկսնակներ, ճանապարհը, որը ընտրել եք, կարող է լինել բարդ, բայց այն հետաքրքիր է շատ ու բովանդակալից: Հարկավոր է ջանք չխնայել՝ շփվելու ոլորտի պրոֆեսիոնալների հետ: Իսկ դրա համար հիմա կան բազմաթիվ վեբինարներ, հանդիպումներ, որոնցից շատերը անգամ անվճար են, սակայն անգամ վճարովի լինելու դեպքում պետք է գիտակցել, որ վճարվող գումարը տվյալ պարագայում՝ դա ֆինանսական ներդրում է ձեր իսկ կյանքում, որը, վստահաբար, տալու է դեռ շահույթ: 

Կարդալ, կարդալ, կարդալ….. Մշտապես լինել նորարարությունների կենտրոնում, հետևել նոր տրենդերին ու փորձել սեփական մտահաղացումները աօաջ մղել, քանի որ ո՞վ ասաց, որ հենց դուք չեք կարող լինել ոլորտի մի ՛՛ԽԵՆԹ՛՛ նորարարության հեղինակը: 

Կերտել, արարել, ստեղծել, փորձարկել, շփվել…. Դա է HR կոնցեպտի կարևորագույն գրավականը:

Եվ այժմ խիստ կարևոր է կենտրոնոնալ նաև HR թվայնացման վրա (HR Metrics), քանի որ ցանկացած նախագիծ պետք է սկսել թվային վերլուծությունից. այն կտա գլոբալ պատկեր և կհանդիսանա պատճառաբանված հիմք ցանկացած նոր նախագծի ֆինանսական ներդրման համար: Ցանկացած ընկերության սեփականատեր կցանկանա HR բիզնես խորհրդատուի հետ քննարկում իրականացնել՝ ձեռքի տակ ունենալով պատշաճ թվաբանական  - վերլուծական տվյալներ: 

Եվ երևի թե վերջին խորհուրդս. անկախ ամեն ինչից, սովորելով առաջատարներից՝ ստեղծեք ձեր ուրույն HR ոճը, կերպարը, մեթոդները, զարգացրեք նոր մտքեր, ճանապարհ ստեղծեք այդ մտքերի իրականացման համար… HR ոլորտի համար սահմաններ չկան….